Միջոցառում՝ նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան

«Օ~, հայրենի~ք` դառն ու անուշ» , - հառաչել է հայ ժողովրդի հայրենասեր զավակներից մեկը և ինքն էլ ճաշակել այդ անուշ, անհուն սերն ու դառնությունը ու ավանդել գալիք սերունդներին…

Ու երբ ամեն սրբազան առիթի հայրենիքին և նրա հերոս զավակներին ուղղված խոսք է հնչում, նորից հայն ապրում է այդ դառն ու անուշ ու հզոր զգացմունքը:

Եվ ահա կրկին ծանոթ հուզիչ մի եռուզեռ է Եղեգնաձորի ավագ դպրոցի միջանցքներում. հաճելիորեն փոխված պատանիներ ու պարմանուհիներ` երկրապահ զինվորի համազգեստով, վառվռուն աչուկներով նրանցով հիացած փոքրիկներ, ուսուցիչների գորովալից հայացքներ ու սպասված հյուրեր` Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյան, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, մարզպետարանի կրթության վարչության պետ Արփիար Ղազարյանը, Արցախյան հերոսամարտի մասնակիցներ, երկրապահներ և մարզի տարբեր դպրոցների «Պատանի երկրապահ» ակումբի անդամներ, ծնողներ, աշակերտներ…

Բեմից հնչում է լավագույն ասմունքող աշակերտների հրաշալի բանաստեղծական խոսքը, ու երգում է Արմենը. «Կռիվ ենք գնում ախպերս ու ես. մա′մ ջան, չտխրես»:

… Դե արի ու մի′ տխրիր… Դահլիճը հուզվում է… Արցունքներ, ժպիտներ, ծափեր: Էկրանին պայքարի, հերոսացման, մարտիրոսության ցնցող տեսարաններ և սրտի խոսք` ուղղված հայկական փառապանծ բանակին, երկրապահ հերոսներին և սիրելի սպարապետ Վազգեն Սարգսյանին:

Ծնունդդ շնորհավոր, սպարապե′տ. դու ապրում ես, դու առաջնորդում ես, դու հարատև ես և սեփական զավակների փոխարեն ունես որքա~ն հոգեզավակ երկրապահներ, որոնք ահա սիրո հավատարմության ու նվիրումի խոսք են ուղղում քո պայծառ և միշտ կենդանի հիշատակին:

Քո ընկերներն են նստած դահլիճում` քո կողքին պայքարած երկրապահ հերոսներ` աչքերում արցունքով ողողված հպարտություն, վերհուշի թախիծ և ափսոսանք, որ դու իրենց կողքին չես, բայց քո ոգին է թևածում դահլիճում և հայրենասիրության սրբազան հուրը վառում պարմանի սրտերում:

Ոգեղենացած է դահլիճը, և հեղինակն է սիրելի տնօրենը` Կարինե Հարությունյանը: Ամեն անգամ հայրենանվիրումի այս հրաշալի միջոցառումները, լեփ-լեցուն դահլիճները, բեմից հնչող մշակված խոսք մեր երեխաների բերանից հպարտությամբ են լցնում մեր հոգին:

Եվ այդ ամենը մշակել ու հասցրել է այսպիսի ոգեղենացված մակարդակի մեր սիրելի տնօրենը: Ինչպիսի~ նվիրվածություն, ինչքա~ն մայրական սեր ու ջերմություն, անսահման հայրենասիրություն պետք է ունենա ավագ դպրոց ղեկավարող, բազում անձնական ու հասարակական հոգսերի տեր տնօրենը, որ ժամանակ է գտնում նման բացառիկ միջոցառումներ կազմակերպելու և նորից ու նորից ապացուցելու մեր ինքնության ու հավերժության խորհուրդը:

Ու վերջապես մտածում ես, որ այն ժողովուրդը, որ կրել է մարդկային պատմության ամենասարսափելի հարվածները ու կրկին փյունիկ թռչունի նման վերածնվել, որն ունի այսպիսի հրաշալի սերունդ ու նվիրված ուսուցիչ, այդ ժողովուրդը մահ չունի: 

Սանամ Մարգարյան

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի